ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ավանդույթներն այլևս վճռական գործոն չեն

Ավանդույթներն այլևս վճռական գործոն չեն
15.02.2015 | 16:36

Փետրվարի 12-ից ՈՒկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ 15-ժամյա անընդմեջ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրողներին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս առաջին բառերը, որ ասաց՝ «Սա իմ լավագույն գիշերը չէր»: Չխորանալով ՌԴ նախագահի անձնական ու քաղաքական «գիշերների» մեջ, այնուհանդերձ, գուցե նա սխալվում էր և Մինսկում անցկացրած գիշերը կարող է և լավագույնը լինել, եթե ՈՒկրաինայում հաջողվի դադարեցնել քաղաքացիական պատերազմը, որ սպառնում է վերաճել Ռուսաստան-Արևմուտք արդեն ոչ թե տնտեսական, ոչ թե քաղաքական, այլ՝ բաց ռազմական դիմակայութան ու, վատագույն սցենարի դեպքում՝ պատերազմի:
Փետրվարի 15-ին ժամը 12-ից սկսվող հրադադարի պայմանավորվածությունը արդեն գործում է, հրադադարի ռեժիմը խախտվել է միայն Դեբալցևոյում, որտեղ ուկրաինական զորքերը կրակ են բացել անջատողականների կամ ապստամբների վրա՝ նայած թե դիմակայության որ կողմից է գնահատվում սկսված պատերազմը, իսկ նրանք պատասխանել են կետային հարվածներով: Բոլոր դեպքերում՝ արդեն իսկ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գլխավոր շտաբում հրամայել է ՈՒկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, ՆԳՆ ստորաբաժանումներին, Սահմանապահ ծառայությանը և Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին դադարեցնել կրակը: Կրակի դադարեցման հրամաններ են տվել Լուգանսկի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպլակովը և Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը խաղաղության առաջին գիշերը անվանել է բանակցությունների արդյունքների հետևանք և զգուշավոր գոհունակություն հայտնել, որ խաղաղությունը կվերահաստատվի, եթե կողմերը պահպանեն հրադադարը: Փխրուն խաղաղությունը կվտանգվի, թե կկայունանա՝ հարցը դեռ հստակ պատասխան չունի: Առայժմ կողմերը պահպանում են խաղաղության պատրաստակամության իրենց դիրքորոշումը: Ռուսաստանի համար խաղաղությունը ՈՒկրաինայում տնտեսական պատժամիջոցների դուռը փակելու ճանապարհ է, բայց դա նաև սեփական տնտեսական կորուստները նույն այդ պատժամիջոցների պատճառով կասեցնելու ճանապարհ է Եվրոպայի համար: Եվ ոչ պակաս կարևոր է՝ ԱՄՆ-ի նախագահի ՈՒկրաինային հարձակողական զենք տրամադրելու որոշման կասեցումը, որը Եվրոպան կարող է դարձնել վառոդի տակառ, ինչպես անցյալ դարասկզբին էր: ՈՒկրաինական իրադարձությունները կարող են դառնալ մեծ պայթյունի դետոնատոր, կարող են աշխարհաքաղաքական նոր պատկեր ուրվագծել և ուժերի վերադասավորության պատճառ դառնալ, կարող են Մինսկում պայմանավորվածություններով ավարտվել ու հնարավորություն տալ՝ վերադառնալու մեկնակետ ու հարաբերությունները վերսկսելու շանսեր տալ: Առայժմ նորմանդական քառյակի անդամները միմյանց հետ հեռախոսում են՝ ճշտելու իրավիճակը և միմյանց մտադրությունները: Բոլոր դեպքերում կողմերը չեն պնդում ու չեն բացառում, որ հնարավոր է երրորդ հանդիպումը Մինսկում՝ հրադադարի առաջին արդյունքները քննարկելու ու հետագա կարգավորումը կանոնակարգելու համար: Խաղաղությունն այլընտրանք չունի՝ վաղ է ասել: Հակամարտությունն ունի միայն ռազմական լուծում՝ ընդհանրապես հնարավոր չէ ասել, որովհետև ռազմական բոլոր գործողություններն ավարտվում են բանակցային սեղանի շուրջ կնքված համաձայնագրով, որտեղ կողմերը կարող են թե պահպանել, թե կորցնել իրենց ռազմական ձեռքբերումները: ՈՒկրաինայի խաղաղությունը և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների նորմալացումը նույնքան կարևոր են Հայաստանի համար, որքան՝ հակամարտության մեջ ներգրավված կողմերի: Թեպետ Հայաստանը որևէ կերպ հակամարտության մեջ ներգրավված չէ, գլոբալացված աշխարհի մի անկյունում որևէ կրակոց միշտ արձագանքվում է բոլոր կողմերում: Պատժամիջոցների հետևանքով ՌԴ տնտեսական վիճակի վատացումը, քաղաքական մեկուսացումը անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ու տնտեսական վիճակի վրա: Եթե Ռուսաստանին հաջողվի կասեցնել պատժամիջոցները և վերականգնել տնտեսական կապերն Արևմուտքի հետ ու վերադառնալ նաև քաղաքական հարթակ նախկին իրավունքներով, Հայաստանի համար ևս շատ հարցեր ավելի հեշտ ու արագ կլուծվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինսկի բանակցությունների համապատկերում, իհարկե, շահող կողմ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ արդեն տպավորություններ է պատմում՝ ով ինչպիսին էր՝ Վլադիմիր Պուտինը՝ ճկուն, Անգելա Մերկելը՝ մարդկային, Ֆրանսուա Օլանդը՝ բարի, ճիշտ է՝ լռում է Պորոշենկոյի մասին: Եթե համարենք, որ ուկրաինական կոնֆլիկտի հաղթահարումից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս շահում է՝ համաեվրոպական անվտանգության ապահովման շրջանակներում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ տեղակայելով Եվրոպայում, բայց սպառազինությունների մրցավազքը դադարեցնելով՝ ֆինանսներ է կորցնում, քաղաքական հաղթանակ նա, այնուամենայնիվ, գրանցեց՝ վերականգնելով դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ, որ ավանդաբար ռուսական ազդեցության գոտի էր համարվում: Բայց աշխարհը փոխվում է սրընթաց և փոխհարաբերություններում ավանդույթները այլևս վճռական գործոն չեն:

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ